Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին աստղ Էդեն Ազարը անկեղծացել է կարիերան ավարտելուց հետո իր կյանքի և նոր առօրյայի մասին։
The Guardian-ին տված հարցազրույցում բելգիացի ֆուտբոլիստը նշել է, որ այժմ լիովին նվիրված է ընտանիքին։
«Կյանքը շատ արագ է թռչում, հատկապես ֆուտբոլում։ Թվում է՝ երեկ 19 տարեկան էի, իսկ այսօր արդեն 35 եմ։ Պետք է կարողանալ հաճույք ստանալ պահից, և դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլին, այլև կյանքի մյուս ոլորտներին։ Այս հարցում ամենամեծ աջակիցը ընտանիքն է», — նշել է Ազարը։
Խոսելով ներկայիս զբաղվածության մասին՝ նախկին կիսապաշտպանը ընդգծել է, որ վայելում է պարզ, առանց սթրեսի կյանքը.
«Կյանքս հիմա բավականին պարզ է. ես տանն եմ և վայելում եմ հասարակ բաները՝ կնոջս, երեխաներիս և եղբայրներիս շրջապատում։ Երբ խաղում ես, մշտապես ճանապարհորդությունների մեջ ես, իսկ կարիերան ավարտելուց հետո վերջապես ժամանակ է հայտնվում նրանց համար՝ առանց ավելորդ լարվածության։ Ես հինգ երեխայի հայր եմ։ Այս պահին ես ավելի շատ տաքսիստ եմ, քան ֆուտբոլիստ, բայց դա ինձ դուր է գալիս» — նշել է բելգիացին։
Ակումբային կարիերայի ընթացքում Էդեն Ազարը մասնակցել է 623 հանդիպման՝ դառնալով 167 գոլի և 153 գոլային փոխանցման հեղինակ։























































