Ֆուտբոլային աշխարհը դեռ ուշքի չի գալիս Լիսաբոնի «Բենֆիկայի» դարպասապահ Անատոլի Տրուբինի սենսացիոն սխրանքից։ Չեմպիոնների լիգայի խաղարկության վերջին վայրկյաններին ուկրաինացի դարպասապահը գլխի հարվածով գրավել է Մադրիդի «Ռեալի» դարպասը՝ դառնալով իսկական հերոս։
Հանդիպման 98-րդ րոպեին «Բենֆիկան» 3:2 հաշվով հաղթում էր 9 հոգով մնացած Մադրիդի «Ռեալին»։ Սակայն պորտուգալական ակումբին անհրաժեշտ էր ևս մեկ գոլ՝ լիգայի փուլում Մարսելի «Օլիմպիկին» գոլերի տարբերությամբ շրջանցելու և փլեյ-օֆֆ անցնելու համար։
Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հրահանգով Տրուբինը վերջին տուգանային հարվածի ժամանակ շտապեց մրցակցի տուգանային հրապարակ։ Նա փայլուն կերպով եզրափակեց փոխանցումը՝ գնդակն ուղարկելով Տիբո Կուրտուայի դարպասի ներքին անկյունը։ Այս գոլը «Բենֆիկային» փրկեց դուրս մնալուց, իսկ «Մարսելին» թողեց մրցաշարից դուրս։
Այս իրադարձությունը պայթեցրեց համացանցը։ Ահա մի քանի ուշագրավ մեկնաբանություններ.
Իան Դարք (մեկնաբան): «Ժոզե Մոուրինյուն նորից հանճարեղ է։ Նա առաջ ուղարկեց Տրուբինին, և վերջինս 98-րդ րոպեին խփեց փրկարար գոլը։ Իսկական դրամա»։
@MarkLomasSport: «Ի՞նչ տեսա ես հենց նոր Լիսաբոնում։ Լիգայի փուլի վերջին հպումով դարպասապահը հաջորդ փուլի ուղեգիր է պարգևում»։
@MenInBlazers: «Ֆուտբոլն աշխարհի լավագույն երևույթն է։ Տրուբինը փրկեց «Բենֆիկային» անկարելի իրավիճակում»։
Այս խաղը հատկապես կարևոր էր Մոուրինյուի համար, քանի որ սա նրա առաջին հաղթանակն էր իր նախկին ակումբի՝ «Ռեալի» նկատմամբ։ Բացի Տրուբինից, գոլերով աչքի ընկան նաև Անդրեաս Շելդերուպը (դուբլ) և Վանգելիս Պավլիդիսը։
Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կարող է կրկին իրար դեմ հանել «Բենֆիկային» ու «Ռեալին» (հավանականությունը 50-50 է)։ Եթե ոչ, ապա «Ռեալը» կխաղա «Բոդյո-Գլիմտի», իսկ «Բենֆիկան»՝ Մոուրինյուի մեկ այլ նախկին թիմի՝ Միլանի «Ինտերի» հետ։
Առաջիկա հանգստյան օրերին «Բենֆիկան» ներքին առաջնությունում կմրցի «Տոնդելայի» հետ, որտեղ այս պահին զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։


























































