Ա և Բ սերիաների մրցավարական բաժնի ղեկավար Ջանլուկա Ռոկկին հայտնել է, որ նոր մրցաշրջանից սկսած իտալացի մրցավարները VAR-ի միջամտությունից հետո մարզադաշտում կհայտարարեն իրենց որոշումները։
«Մենք մանրակրկիտ նախապատրաստվել ենք։ Ցանկանում ենք, որ մրցավարների խոսքը հասկանալի լինի երկրպագուներին։ Հայտարարությունների համար ժամանակային սահմանափակում չկա. յուրաքանչյուր մրցավար ունի իր ոճը, լեզուն և արտահայտման ձևը։ Այնուամենայնիվ, մենք դեռ պետք է մշակենք և ստանդարտացնենք արտահայտությունները»,- Ռոկկիի խոսքն են մեջբերում իտալական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ ֆուտբոլում նման հայտարարությունների մեխանիզմի ներդրման սկզբնական փուլում մրցավարները չէին բացատրում իրենց որոշումները։ Ժամանակի ընթացքում կանոնները մեղմացվել են, և այժմ որոշ դեպքերում մրցավարները ոչ միայն հայտարարում են որոշման փոփոխության մասին, այլև տրամադրում են կարճ բացատրություն։




























































