«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է 22-ամյա դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի տրանսֆերի մասին «Բերնլիից»: Անգլիացի ֆուտբոլիստի հետ կնքվել է հնգամյա պայմանագիր՝ մինչև 2030 թվականի հունիսը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի և լրատվամիջոցների տեղեկություններով՝ «քաղաքաբնակները» Թրաֆորդի տրանսֆերի համար վճարել են 27 միլիոն ֆունտ ստերլինգ (30.7 միլիոն եվրո)։
Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սան է։ Նա ակումբը լքել էր 2023 թվականի ամռանը՝ միանալով «Բերնլիին»։ Այդ ժամանակից ի վեր նա «Բերնլիի» կազմում անցկացրել է 73 հանդիպում, ընդունել 78 գոլ և 31 խաղում դարպասը պահել է անխախտ։ Մասնավորապես, անցած մրցաշրջանում նա մասնակցել է Չեմպիոնշիփի 45 հանդիպման, որոնցից 29-ում չի ընդունել գոլ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ 22-ամյա դարպասապահի շուկայական արժեքը կազմում է 22 միլիոն եվրո։



























































