«Միլանի» և «Սևիլյայի» նախկին պաշտպան Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ադիլ Ռամին պատասխանել է «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի այն խոսքերին, որոնց համաձայն Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան ֆրանսիական Լիգա 1-ը։
«Ուզու՞մ եք, որ ես ցույց տամ Սաուդյան Արաբիայի պաշտպանների տեսանյութերը: Կրիշտիանուն խելահեղ կարիերա է ունեցել, բայց դա չի նշանակում, որ այն ամենը, ինչ նա ասում է, ճիշտ է: Կարծում եմ՝ դա պարզապես PR հնարք է:
Փորձեք խաղալ «Մոնակոյի», «Լիլի» կամ «Մարսելի» դեմ: Գնացեք ձեր փոքր թիմի հետ խաղալու «Բրեստի» դեմ: Լիգա 1-ը աշխարհի տաղանդների բացահայտման ամենամեծ աղբյուրներից է Բրազիլիայի հետ միասին: Մենք ունենք պաշտպաններ, որոնք մեքենաներ են: Վերջին երկու տարիների ընթացքում, եթե Ռոնալդուն խաղար Լիգա 1-ում, նրան կուտեին»,- Ռամիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրիշտիանուի խոսքերին հեգնական կերպով էր պատասխանել նաև Լիգա 1-ը։
























































