ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A լիգայի 1-ին խմբի 3-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականն այսօր Վարշավայում հյուրընկալվել է Լեհաստանի կողմից և 3։1 հաշվով հաղթանակ տարել։
26-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան բացել է խաղի հաշիվը։ Այնուհետև՝ 37-րդ րոպեին, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեծացրել է հյուրերի առավելությունը: 88-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յան Բեդնարեկը: Լեհաստանի կազմում մեկ գնդակ ետ է բերել Պյոտր Զելինսկին՝ 78-րդ րոպեին գրավելով պորտուգալացիների դարպասը:
A լիգայի 1-ին խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի և Շոտլանդիայի հավաքականները։
Օրվա մյուս խաղում հանդիպել են A լիգայի 4-րդ խմբում հանդես եկող Իսպանիայի և Դանիայի հավաքականները. իսպանացիները նվազագույն հաշվով հաղթանակ են տարել:
Իսպանացիների կազմում միակ գոլը խփել է կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։
Իսպանիան այս պահին իր խմբում առաջին տեղում է։ Թիմը վաստակել է յոթ միավոր։ Դանիան Ա լիգայի 4-րդ խմբի աղյուսակում երկրորդն է՝ վաստակելով վեց միավոր։
4-րդ խմբի մյուս խաղում Սերբիան սեփական հարկի տակ ընդունել է Շվեյցարիային և 2:0 հաշվով հաղթանակ է տարել: 45+1-ին րոպեին Շվեյցարիայի հավաքականի խաղացողը դարձել է ինքնագոլի հեղինակ, իսկ 61-րդ րոպեին հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 2:0։
Ազգերի լիգայի C լիգայի 3-րդ խմբում Բելառուսի հավաքականը Հունգարիայում ընդունել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին և գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը:
Օրվա վերջին խաղում էլ Ռումինիայի ընտրանին հյուրընկալվելիս մրցել է Կիպրոսի հավաքականի հետ և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: