Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Դանիայի հետ խաղից հետո (1:1) քննադատել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին։ Սաութգեյթը խաղից հետո դժգոհել է, որ ազգային թիմը դժվարությամբ է փոխարինող գտնում կենտրոնական կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին, ով չի մեկնել մրցաշարին։
«Դա վիրավորական է որոշ խաղացողների համար, ովքեր այնտեղ են, և դա առհասարակ սխալ է։ Այս թիմում կան խաղացողներ, ովքեր կարող էին դա անել:
Նույնիսկ հավաքական հրավիրված երիտասարդ խաղացողները՝ Ադամ Ուորթոնը, Կոբի Մայնուն, հավանաբար կարող էին դա անել: Բելինգհեմը կարող է խաղալ այս դիրքում:
Ֆուտբոլիստներին պարզապես անհրաժեշտ են ճիշտ հրահանգներ, խաղացողները պետք է հասկանան, թե որն է իրենց աշխատանքը»,- Լինեկերի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:























































