Իսպանիայի հավաքականը կարող է տուգանվել 30 հազար եվրոյով թիմի 16-ամյա վինգեր Լամին Յամալի՝ ժամը 23:00-ից հետո աշխատելու համար։ Այս մասին հայտնում է գերմանական 2DF հեռուստաալիքը։
Ինչպես ընդգծում է աղբյուրը՝ գերմանական օրենսդրության համաձայն՝ 20:00-ից հետո 18 տարեկանից ցածր դեռահասներին արգելվում է աշխատել։ Սա վերաբերում է նաև Գերմանիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։
Բացառություն կա մարզիկների համար՝ նրանց թույլատրվում է աշխատել մարզական միջոցառումների ժամանակ մինչև ժամը 23:00-ն, ինչը ներառում է հանդիպումից հետո՝ մարզադաշտից հեռանալը։
Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Իսպանիա-Իտալիա (1:0) հանդիպումը մեկնարկեց տեղի ժամանակով 21:00-ին։ Սա նշանակում է, որ Յամալը մարզադաշտը լքել է 23:00-ից ուշ։ Սակայն փաստաբանները նշում են, որ Իսպանիայի հավաքականի նկատմամբ տուգանք նշանակելը քիչ հավանական է։
























































