Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը դուրս էե եկել Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Հովհաննիսյանը 5:0 հաշվով հաղթել է իրանցի Մեյսամ Գեշլագիին։
Վաղը Ռաֆայելը օլիմպիական քվոտայի համար կպայքարի Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Քրիստիան Պինալեսի հետ: Պարտության դեպքում վաղը Ռաֆայելը վերջին քվոտայի համար կպայքարի Իշաիշ (Հորդանան) — Ջոնջոհո (Թաիլանդ) զույգի պարտվողի հետ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կորցրել է վարկանիշ նվաճելու շանսերը: 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ 1:4 հաշվով զիջել է բելգիացի Վիկտոր Շելստրատին։
Այս պահին Հայաստանի հավաքականում օլիմպիական վարկանիշի համար պայքարը շարունակում են 4 բռնցքամարտիկներ՝ Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (66 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):