Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Թայլանդում առաջին մարզումն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի թիմում ընդգրկված են Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Թայլանդի վարկանիշային մրցաշարը կմեկնարկի մայիսի 23-ին: Հայաստանը դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում: