86 տարեկան հասակում մահացել է իտալական «Միլանի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի գավաթի կրկնակի մեդալակիր Կարլ-Հայնց Շնելինգերը։ Այս մասին հայտնել է բրիտանական Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ Շնելինգերը մահացել է Միլանի հիվանդանոցներից մեկում երկարատև հիվանդությունից հետո։ Գերմանիայում Կարլ-Հայնցը հանդես է եկել «Քյոլնում» և «Թենիս Բորուսիայում», իսկ Իտալիայում ներկայացրել է «Միլանը», «Մանտովան» և «Ռոման»։ «Ռոսոներիների» հետ Շնելինգերը նվաճել է Իտալիայի երեք գավաթ, ինչպես նաև դարձել է երկրի չեմպիոն։
Գերմանիայի հավաքականի կազմում Կարլ-Հայնց Շնելինգերը դարձել է 1966 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1970 թվականին՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 47 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։