Իտալական «Միլանի» փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վերհիշել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած տարիները։ «Սերուցքայինների» կազմում խորվաթը դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, մինչդեռ Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում, հաղթանակ է տոնել վեց անգամ։
«Կարծում եմ՝ խնդիրն այն էր, որ մենք պակաս կենտրոնացած էինք առօրյա աշխատանքի վրա։ Մեզ միշտ թվում էր, թե ներքին առաջնությունում իրավիճակը շտկելու ժամանակ դեռ կունենանք, իսկ Չեմպիոնների լիգայում հստակ գիտակցում էինք, որ սխալվելու իրավունք չկա։
Մենք ամեն անգամ հավատում էինք, որ կկարողանանք կրճատել միավորների տարբերությունն ու հաղթել Լա լիգան, բայց «Բարսելոնան» չափազանց ուժեղ էր ու մեզ չէր զիջում տիտղոսը։ Վստահ եմ՝ հենց այս պատճառներով մենք ավելի հաճախ էինք հաղթում Չեմպիոնների լիգայում։ Ամեն դեպքում, ես ոչ մի բանի համար չեմ զղջում և ոչինչ չէի փոխի»,- 40-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում իսպանական Diario AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանել է 2012-ից 2025 թվականներին, որից հետո տեղափոխվել է իտալական «Միլան», որտեղ շարունակում է իր ելույթները մինչ օրս։
























































