«Բարսելոնայի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիքսը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», այս մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա մադրիդյան թիմի կազմ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), հայտնում է լրագրող Նիկոլա Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի ֆուտբոլիստը ներառված չէ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում։ Այս առումով Ֆելիքսը կարող է կրկին հեռանալ «Ատլետիկոյից»:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆելիքսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է տասը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: