Չավին պատրաստ էր «Բարսելոնայից» հեռանալիս հրաժարվել պայմանագրով հասանելիք գումարից։
Մարզչի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Հունվարին Չավին հայտարարել էր «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին։ Այսօր ակումբը հայտարարել էր, որ Չավին կշարունակի աշխատանքը։
«Եթե ինչ-որ մեկն ասել է, որ ես ցանկացել եմ ստանալ մնացած մեկ տարվա աշխատավարձը, ապա դա վնաս պատճառելու համար է եղել։ Եթե ես որոշեի հեռանալ, ոչ մի եվրո չէի վերցնի։ Նախագահը դա գիտի։ Պայմանագրով նախատեսված գումարը կվճարվեր հաջորդ մարզչին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է Չավիի խոսքերը։
«Սա «Բարսելոնայի» հանդեպ նրա սիրո ևս մեկ դրսևորում է: Նա միշտ ասում էր, որ կհրաժարվի վերջին մեկ տարվա աշխատավարձից, եթե հեռանա: Սա կազմակերպչական ու սպորտային խնդիր է։ Կայունությունն առանցքային էր: Փողի հարցում Չավին իրեն մեծ արժանապատվությամբ է պահել»,- ասել է Լապորտան:
























































