Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ տնային հանդիպմանը փարիզցիների մեկնարկային կազմում ոչ թե Ուորեն Զաիր-Էմերիի, այլ Մարկո Ասենսիոյին ընդգրկելու պատճառը։
«Ինչու՞ ընտրեցի Ասենսիոյին Զաիր-Էմերիի փոխարեն: Որովհետև այս սենյակում միակ մարդը, ով գիտի և դիտում է բոլոր հանդիպումները, ես եմ։ Այդ իսկ պատճառով ես մարզիչ եմ: Որովհետև հենց դրա համար եմ աշխատել այսքան տարի և կարծում էի, որ այս խաղացողներն ամենալավն ու պատրաստվածն էին։ Արդյունքը վարկաբեկում է իմ որոշումները, դա ակնհայտ է։ Ես հեշտությամբ ընդունում եմ այն ամենը, ինչը հանգեցնում է ձախողման: Ես ի ծնե մարզիկ եմ: Շնորհավորում եմ մրցակցին»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում AS-ը։
ՊՍԺ-ի 28-ամյա հարձակվող Մարկո Ասենսիոն «Բարսելոնայի» դեմ խաղը սկսել է մեկնարկային կազմում, իսկ ընդմիջմանը՝ 0:1 հաշվի պայմաններում, փոխարինվել է՝ տեղը զիջելով Բրեդլի Բարկոլոյին։ 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին՝ 2:1 հաշվի պայմաններում։
























































