Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Պիրեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Ցավում եմ, Կիլիան, բայց դու առաջինը չէիր, որ մերժեցիր «Ռեալին»: Չգիտեմ, թե նա հիմա ինչ որոշում կկայացնի, բայց մի ժամանակ ես հրաժարվեցի մադրիդյան ակումբ տեղափոխվելուց։ Այն ժամանակ ես երկու այլ տարբերակ ունեի: Իհարկե, եթե չլինեին «Արսենալն» ու «Յուվենտուսը», ես կհայտնվեի «Ռեալում», այո։ Բայց ես կցանկանայի Մբապեին տեսնել «Լիվերպուլում»: Դա հիանալի ակումբ է ընտանեկան մթնոլորտով, որտեղ ճնշումն այնքան էլ բարձր չէ: Եվ ինձ թվում է, որ Մբապեն ու Սալահը միասին մեծ տպավորություն կթողնեին։ Կարծում եմ՝ Կիլիանը կարող է մերժել «Ռեալի» հետաքրքրությունը»,- Պիրեսի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։ Հաղորդվում էր, որ հարձակվողը թիմակիցներին և ՊՍԺ-ի մարզչական շտաբին ասել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Իր հերթին, մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացրել է Կառլո Անչելոտիի մարզչական շտաբին, որ Մբապեն կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր խաղացողը։