Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը աջակցել է Ռոլան Գարոսը մինչև սեպտեմբեր հետաձգելու որոշումը։ Այս մասին նշել է Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ջուդիչելին։
«Մեզ համար կարևոր է, որ գրունտի այս մրցաշարը կայանա։ Մենք չէինք կարող ընդունել գրունտի մրցաշրջանի ամբողջական չեղարկումը։
Սեպտեմբերին լինելու է հարմարավետ եղանակ։ Մենք անկեղծորեն կարծում ենք, որ լավ մրցաշար է լինելու։ Մենք հեռախոսով շփվել ենք Նադալի հետ։ Նա ասաց, որ սա լավ որոշում է՝ պահել մրցաշարը օրացույցում»,-Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահի խոսքերն է մեջբերում Daily Express-ը։
Ռոլան Գարոսը մայիսից տեղափոխվել է սեպտեմբեր։ Այն կկայանա սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը։
Հիշեցնենք, որ Նադալը 12 անգամ հաղթել է Ռոլան Գարոսը։