Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի կարողացել զսպել արցունքները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոն» 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է «Ինտերին» (2:1, 11 մետրանոց հարվածաշարումՙ 3:2): Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր իտալական թիմի՝ 1:0 հաշվով հաղթանակով։
Այս հանդիպումից հետո որոշվել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Դրանք են իսպանական «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն», ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը», գերմանական «Բավարիան» և «Բորուսիան» (Դորտմունդ):
Մրցաշարի 1/4 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ օրը՝ մարտի 15-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում (Շվեյցարիա):