Երեկ՝ փետրվարի 19-ին, Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվել է «Պորտուին» (0:1): Միակ գոլը 90+4-րդ րոպեին խփել է պաշտպան Վենդերսոն Գալենոն։
Այսպիսով, Միկել Արտետայի թիմը հունվարի 7-ից հետո առաջին անգամ պարտություն է կրել։ Այդ ժամանակ «Արսենալը» Անգլիայի գավաթի երրորդ տուրում զիջել էր «Լիվերպուլին» (0:2):
Դրանից հետո «զինագործները» 21:2 գնդակների տարբերությամբ հինգ անընդմեջ հաղթանակ են տարել՝ «Քրիսթալ Փելասի» (5:0), «Նոթինգհեմ Ֆորեստի» (2:1), «Լիվերպուլի» (3:1), «Վեսթ Հեմի» (6:0) և «Բարնլիի» (5:0) նկատմամբ:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։ «Էմիրեյթս» մարզադաշտում մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 00:00-ին:
25 տուրից հետո «Արսենալը» 55 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի երրորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Լիվերպուլը» (60 միավոր):