Ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը, որը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, հայրենիք վերադառնալուց հետո օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով:
«Միշտ ինչ-որ բան խանգարում էր ոսկե մեդալը նվաճելու համար: Մարզիչների հետ կարողացանք շտկել թերություններն ու հաջողվեց այս անգամ չեմպիոն դառնալ: Շատ ուրախ եմ, որ ինչքան աշխատել եմ՝ այդքան ստացել եմ: Մինչև վերջին վայրկյանը հավատում էի, որ կարող եմ հաղթանակի հասնել: Բուխարեստ էի մեկնել չեմպիոնության համար»,- նշել է Արման Անդրեասյանը:
Անդրեասյանի խոսքով՝ ամենատպավորիչ գոտեմարտն անցկացրել է կիսաեզրափակչում՝ Հունգարիայի ներկայացուցիչ Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ.«Յուրաքանչյուր գոտեմարտ իր բարդությունն ուներ, բայց կիսեզրափակչում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի դեմ, լարվածությունն ավելի մեծ էր: Ամենատպավորիչն այդ գոտեմարտն էր, երբ վերջին վայրկյաններին հաղթանակի հասա»:
Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ թիմային պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: