Փետրվարի 12-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր՝ մրցումային առաջին օրը, մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ և 130 կգ քաշային կարգի ըմբիշները։
Հայաստանի հավաքականի կազմում այսօր մրցագորգ դուրս կգան Մանվել Խաչատրյանը, Հրաչյա Պողոսյանը, Մալխաս Ամոյանը, Գևորգ Թադևոսյանը և Դավիթ Օվասապյանը:
Մանվել Խաչատրյանը (55 կգ) քառորդ եզրափակչում ուժերը կչափի Թուրքիայի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ադեմ Բուրակ Ուզունի հետ:
2023 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկայի հետ:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նա կգոտեմարտի կա՛մ իտալացի, կա՛մ ուկրաինացի ըմբիշի հետ:
Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկային փուլում կմրցի նորվեգացի Էքսաուս Մուկուբուի հետ:
Դավիթ Օվասապյանն(130 կգ) էլ որակավորման փուլում ուժերը կչափի Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի հետ: