«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի հարձակվող Դարվին Նունյեսը ոտքի վնասվածք է ստացել «Չելսիի» հետ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (4:1)։ Ուրուգվայցի հարձակվողի մասնակցությունը «Արսենալի» հետ փետրվարի 4-ին կայանալիք հանդիպմանը հարցականի տակ է։
«Ես չգիտեմ՝ արդյոք նա հասանելի կլինի՞, թե՞ ոչ: «Չելսիի» դեմ խաղի ավարտից 20 րոպե առաջ ինչ-որ մեկը ոտքը դրեց նրա ոտքին։ Դարվինը մեծ ցավ ուներ։ Նա խաղակոշիկը հանեց միայն խաղից հետո, իսկ մինչ այդ պարզապես չէր կարող։ Նունյեսը մարզադաշտից հեռացավ պաշտպանիչ խաղակոշիկով։ Կոտրվածք չկա, ռենտգենը պարզ է, բայց ոտքը ուռած է։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Կլոպի խոսքը մեջբերում է Arsenal Buzz-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Դարվին Նունյեսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ուրուգվայցի հարձակվողը մերսիսայդցիներին միացել է պորտուգալական «Բենֆիկայից»: Այս մրցաշրջանում Դարվինը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
























































