Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, թե Օղակաձև այգու թենիսի կորտերը չեն քանդվի, այլ կտեղափոխվեն, գրում է Sputnik Արմենիան։
«Արարատ» թենիսի ակումբի ղեկավարությունը տարակուսած է` ինչպես և ինչ չափորոշիչներով է որոշվում, թե որ տարածքն է ավելի հարմար»,- գրում է աղբյուրը։ Հենց ակումբն է 1990-ականներից Օղակաձև այգու թենիսի կորտերի երկարաժամկետ վարձակալը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Արարատի» և «Գեյմսերվիս» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Սանամյանն ընդգծել է, որ իրենք էլ են ցանկանում, որպեսզի Երևանը բարեկարգ լինի, իրենք էլ պատրաստ են մասնակցել այդ ամենին, ուղղակի իրենց որևէ հարթակ չի տրամադրվել այդ մասին խոսելու կամ քննարկումներին մասնակցելու համար։ Սանամյանը նշել է, որ պաշտոնապես Երևանի քաղաքապետարանին չեն դիմել, սպասում են, ու եթե մոտ 1 շաբաթվա ընթացքում հանդիպման առաջարկ չլինի, կմտածեն, թե ինչ քայլեր անեն։
«Մեզ որևէ մեկը չի զգուշացրել, դիալոգի մեջ չի մտել։ Ինչու որևէ մեկին մեր կարծիքը հետաքրքիր չէ։ Մենք կոչ ենք անում, որ համայնքի հետ քննարկում ունենանք` հասկանալու, թե ինչ նախագիծ են ուզում Օղակաձև այգու 4-րդ գոտում իրականացնել։ Մենք էլ մեր առաջարկները կանենք։ Պետք է չնահանջենք, պահանջենք, որպեսզի ակումբն իր տեղում մնա։ Թենիս խաղացողների հանրությունն էլ է նույն կարծիքին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Արարատի» և «Գեյմսերվիս» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Սանամյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: