Աշխարհի առաջին ռակետ բելառուս Արինա Սաբալենկան Մեքսիկայի Կանկուն քաղաքում ընթացող WTA Ամփոփիչ մրցաշարի խմբային մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։
Բելառուս թենիսիստուհին հաղթել է 6:2, 3:6, 6:3 հաշվով։
Սաբալենկան իր խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային։ Երրորդը Ռիբակինան էր, չորրորդը՝ հույն Մարիա Սակկարին։
Մյուս խմբում առաջին տեղը զբաղեցրել է լեհ Իգա Շվյոնտեկը, երկրորդը՝ ամերիկացի Կորի Գաուֆն է, երրորդը՝ Օնս Ժաբերը Թունիսից, չորրորդը՝ չեխ Մարկետա Վոնդրուսովան։
Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում Սաբալենկան կխաղա Շվյոնտեկի, Գաուֆը՝ Պեգուլայի հետ։
WTA եզրափակիչ մրցաշարը կավարտվի նոյեմբերի 5-ին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9 մլն դոլար: Մրցաշարին մասնակցում են այս մրցաշրջանում ամենաշատ վարկանիշային միավորներ վաստակած ութ մարզիկները։