Նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում Հայաստանի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների հավաքականի հետ: Կարեն Աղամալյանի գլխավորած մարզչական կազմը մեծ ուշադրությամբ հետևում է նախապես կազմած ծրագրով նաև մարզիկների անհատական որակների բարելավմանը:
Երևանում հոկտեմբերի 26 –ին սկսված ուսումնամարզական վերջին հավաքը կավարտվի նոյեմբերի 8-ին, որից երկու օր հետո պատվիրակությունը կուղևորվի Չեռնոգորիա՝ Եվրոպայի առաջնություն:
«Բուդվա քաղաքում անցկացվեց նաև Եվրոպայի բռնցքամարտի գավաթի առաջին խաղարկությունը: Այնպես է ստացվում , որ 20 –օրյա ընդմիջումից հետո կրկին մեկնելու ենք Չեռնոգորիայի այդ քաղաք: Այնտեղ մրցումային պայմանները բավարար են և կարծում եմ, որ մեր հերթափոխը լավ մասնակցություն կունենա ու տղաները քայլ կկատարեն դեպի ազգային հավաքական»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում նշել է Կարեն Աղամալյանը:
Երիտասարդական ԵԱ-ին կմասնակցեն՝ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) , Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը ( 63, 5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը ( 71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը (92 կգ) , գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը և աղջիկներ Էլլիդա Քոչարյանը ու Սոնա Հարությունյանը:
Հայաստանի բռնցքամարտիկների համար կարևոր ստուգատես կհանդիսանա հունվարի 15 –ին Երևանում մեկնարկելիք հանրապետական առաջնությունը: Դրա արդյունքներով կկազմենք ազգային գլխավոր թիմը, որը կմասնակցի փետրվարին՝ Միլանում , ապա մայիսին ՝ Թաիլանդում նշանակված Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար մղվող վարկանիշային մրցաշարերին: