Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում ամփոփել է Բելգրադում վերջերս ավարտված ԱԱ-ն։
«Եթե խոսենք նվաճված մեդալների քանակից և ուղեգրերից, կարող եմ ասել, որ ամեն բան լավ էր։ Բարեհաջող էր ամեն ինչ։ Սպասելի էր։ Արսենի ու Վազգենի պարագայում զգացնել տվեց հմտության, վարպետության պակասը։ Նրանք շատ աշխատասեր են, տաղանդավոր, սակայն մի բան նրանց չի բավականացնում չեմպիոն դառնալ։ Ես կարծում եմ, որ դա հենց այդ հմտության պակասն է։ Արման Անդրեասյանը վերջապես կարողացավ մեդալ նվաճել նաև ԱԱ-ում, ինչը ուրախալի է։
Ազատ ոճի ըմբշամարտում Եվրոպայում մրցակցությունն այն որակը չունի, ինչ համաշխարհային մակարդակում. ասիական դպրոցը, ամերիկյանը, հենց այստեղ է իրական մեծ պայքարը։ Պետք է մինչև Օլիմպիական խաղեր մասնակցել միջազգային բարձր մրցակցություն ունեցող մրցաշարերի, որտեղ և կփորձենք լրացնել և շտկել բացերը։ Ինչ պվերաբերում է մեր ծրագրերին՝ այժմ նախապատրաստվում ենք Մ23 տարեկանների ԱԱ-ին, որից հետո արդեն Հայաստանի առաջնությանը»,- ասել է Կուրղինյանը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 3 բրոնզե մեդալ և 2 օլիմպիական ուղեգիր էր նվաճել աշխարհի առաջնությունում: Բրոնզե մեդալակիրներ էին դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հարությունյանն ու Թևանյանը նաև Փարիզ-2024-ի ուղեգրեր են ապահովել: