«Չելսիի» և «Յուվենտուսի» ղեկավարները պայմանավորվել են հարձակվողներ Ռոմելու Լուկակուի և Դուշան Վլահովիչի փոխանակման շուրջ, հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբներն այժմ քննարկում են տրանսֆերի պայմանները՝ խաղացողների տարիքի ու տրանսֆերային արժեքի տարբերության պատճառով։
2022/2023 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բելգիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 40 միլիոն եվրո:
Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2022 թվականի հունվարին: Նախորդ մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 42 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 70 միլիոն եվրո:
























































