Zoosp հայկական ստարտափի մշակած ծրագիրը կարող է մեկնաբանել սպորտը` առաջնորդվելով օգտատերերի նախասիրություններով և ճաշակով։ Ծրագրի նախատիպը ներկայացվել է Sevan Startup Summit 2023 համաժողովի ժամանակ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նախագծի համահիմնադիր Բաբկեն Հովհաննիսյանը պարզաբանում է` ինչ–որ մեկն ուզում է, որ «Ինտերի» խաղի ժամանակ մեկնաբանը կենտրոնանա Հենրիխ Մխիթարյանի վրա (ինչպես է նա տեղաշարժվում դաշտում, նույնիսկ երբ գնդակն իր մոտ չէ), ինչ–որ մեկը նախընտրում է, որպեսզի մեկնաբանը խոսի իր սիրելի արտիստի ձայնով կամ ավելի էմոցիոնալ կամ գուցե հանգիստ ձևով մեկնաբանի՝ բոլոր այս կարգավորումները հնարավոր է տալ, պահպանել, այնուհետև փոփոխել։Արհեստական բանականությունը կարողանում է գեներացնել մեկաբանությունները ըստ ճաշակի, համացանցից հավաքելով տվյալներ խաղացողի մասին և ներկայացնել դրանք խաղի ընթացքում։ Օրինակ, վերջին խաղերի վիճակագրությունը, խաղացողի առողջական վիճակը, թիմի ու դրա խաղացողների մասին հայտնի մարզիկների և մարզիչների արձագանքները և այլն։
Նախագծի հեղինակներն ուզում են հանդիսատեսին նաև հավելվածին հարց տալու հնարավորություն ընձեռել։ Համացանցում մարզական ալիքներ կան, որտեղ իրական մեկնաբանները օնլայն հարցեր են ընդունում դիտորդներից, բայց այստեղ այդ հարցուպատասխանը կլինի էքսկլյուզիվ, այսինք այս դեպքում օգտատերը անհատական մեկնաբան կունենա, թեև վիրտուալ։
Նախագծի նախնական տարբերակը կլինի անգլերեն, սակայն հեղինակները մտածում են նաև հայերեն տարբերակի մասին` ոչ այնքան գումար աշխատելու, որքան տեղի երկրպագուներին ուրախացնելու համար։
























































