Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ «Ֆակելի» հետ Վորոնեժում ընթացող խաղում։
Հայ ֆուտբոլիստը 60-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով՝ առաջ մղելով հյուրերին։ Մինչ այդ՝ 12-րդ րոպեին, Արտյոմ Ձյուբան բացել էր հաշիվն ու առաջ մղել «Լոկոմոտիվին», իսկ 33-րդ րոպեին Եվգենի Մարկովը հավասարեցրել էր հաշիվը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Ֆակելը» 1:2 հաշվով պարտվել է «Ռոստովին», իսկ «Լոկոմոտիվը» ոչ-ոքի է խաղացել Կազանի «Ռուբինի» հետ՝ 2:2։ Այդ խաղում ևս Թիկնիզյանը դարձել էր գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ Թիկնիզյանն իր ակտիվում գրանցել է Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ հուլիսի 25-ին «Ուրալի» դեմ կայացած խաղում։
«Լոկոմոտիվը» Ռուսաստանի առաջնության անցած մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում: Թիմը 30 խաղում վաստակել էր 45 միավոր։ «Ֆակելը» 30 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը։
























































