«Բարսելոնան» ՊՍԺ-ի հետ պայմանավորվել է Նեյմարի «Կամպ Նոու» վերադարձի հետ կապված բոլոր հարցերի շուրջ, բացառությամբ մի բանի՝ ֆուտբոլիստի աշխատավարձի։ Այս մասին հայտնում է beIN Sports-ի լրագրող Խալեդ Վալիդը։
Ըստ լրագրողի՝ «Բարսելոնան» պատրաստ է պայմանագիր կնքել բրազիլացի հարձակվողի հետ միայն այն դեպքում, եթե ՊՍԺ-ն համաձայնի վճարել նրա աշխատավարձի զգալի մասը։ Նեյմարի պաշտոնական աշխատավարձը Փարիզում կազմում է 31 միլիոն եվրո, ինչը 31-ամյա ֆուտբոլիստին կդարձնի «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ երկու անգամ ավելի շատ վաստակելով այդ ցուցանիշով ներկայիս առաջատար Ֆրենկի դե Յոնգից:
Մի քանի շաբաթ առաջ Նեյմարը «կապտանռնագույններին» հասկացրեց, որ կցանկանար վերադառնալ, սակայն կատալոնացիներն այնքան էլ հետաքրքրված չեն այդ տեղափոխությամբ։ Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում բրազիլացին խփել է 18 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում: