Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն արծաթե մեդալ է նվաճել Իսպանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:
Եզրափակչում Նազարյանը 4-5 հաշվով ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեից և բավարարվել փոխչեմպիոնի կոչմամբ:
Նազարյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել էր հունգարացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում Նազարյանը նույն հաշվով առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3-1 հաշվով ուժեղ էր գտնվել Շվեդիան ներկայացնող թուրք ըմբիշ Համզա Սերտջանլիից: