Եվրոպայի փոխչեմպիոն, 57կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը Լեհատանում անցկացվող Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո կիսվել է տպավորություններով: Բազեյանը 1/8 եզրափակչում 4-0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Լատվիայի ներկայացուցիչ Մաթվեյս Պրոկուդինսի նկատմամբ՝ երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկելով մրցակցին:
«Բավական բարդ մրցակցի էի հանդիպել, ձախլիկ էր: Մի փոքր ուշ ինձ գտա: Սկզբում այնքան էլ լավ չէր ստացվում: Առաջին ռաունդում հաղթեցի 4-1 հաշվով, իսկ երկրորդ ռաունդում փորձեց հավասարեցնել ու 3-2 հաշվով առավելության հասա: Երրորդ ռաունդում պետք է ներդնեի ողջ ուժերս:
Կարծում եմ՝ հիմա ավելի լավ մարզավիճակում եմ, քան Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Վաղը մենամարտելու եմ Բուլղարիան ներկայացնող բռնքամարտիկի հետ: Բավական փորձառու տղա է, բայց պետք է ներդնեմ բոլոր ուժերս, որպեսզի օլիմպիական ուղեգիր նվաճեմ ու գնամ դեպի երազանք»,- ասել է Արթուր Բազեյանը: