Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) զրկել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA) ճանաչման կարգավիճակից, հայտարարել է ՄՕԿ-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ դե Կոպերը ՄՕԿ-ի արտահերթ նիստի ժամանակ։
«Մենք հաստատում ենք IBA-ի ճանաչումը չեղարկելու անհրաժեշտության մասին զեկույցը և որոշումը։ Սա միակ տրամաբանական լուծումն է։ Հասկանալի է նաև, որ IBA-ն ներկա պայմաններում չի կարող 2024 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար կազմակերպել»,- ասել է Դե Կոպերը, ում խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն։
ՄՕԿ-ի անդամների քվեարկությունից հետո IBA-ի ճանաչման կարգավիճակը չեղյալ հայտարարելու որոշումը ընդունվել է գրեթե միաձայն:
ՄՕԿ-ի կողմից ճանաչումը կասեցվել էր 2019 թվականի հունիսին՝ ՄՕԿ-ի նստաշրջանի որոշմամբ։ Այս տարվա հունիսին ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը կազմակերպության նիստին առաջարկեց հետ կանչել IBA-ի ճանաչումը, քանի որ ասոցիացիան չէր կատարել 2021 թվականի դեկտեմբերին ՄՕԿ-ի կողմից առաջադրված վերականգնման համար անհրաժեշտ պայմանները:
Տոկիոյում բռնցքամարտի օլիմպիական մրցաշարն անցկացրել է ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը։ IBA-ն նաև չկարողացավ այս մարզաձևի ընտրական մրցաշարեր անցկացնել 2024 թվականի խաղերի համար, ՄՕԿ-ը ներկայացրեց իր որակավորման համակարգը 2022 թվականի սեպտեմբերին։ Հինգշաբթի օրը դե Կոպերն ասաց, որ «երաշխավորում է» բռնցքամարտի առկայությունը 2028 թվականի Խաղերի ծրագրում։
Reuters-ը հունիսի 12-ին հայտնել էր, որ IBA-ն վիճարկելու է ՄՕԿ-ի որոշումը Մարզական արբիտրաժային դատարանում:
Ի դեպ վերջերս ստեղծվել է այլընտրանքային ֆեդերացիա՝ World Boxing-ը, և մի քանի երկրներ լքեցին IBA-ն՝ միանալու նոր կազմակերպությանը: