Թոփ-5 առաջնություններում մրցաշրջանը մոտենում է ավարտին, և արդեն հայտնի են ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի մասնակիցների մեծ մասն այս առաջնություններից։
Անգլիայում Չեմպիոնների լիգայի ուղեգիրն ապահովել են «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Նյուքասլը»։ 4-րդ ուղեգիրն, ամենայն հավանականությամբ, կնվաճի «Մանչեսթեր Յունայթեդը», որը 3 միավորի առավելություն ունի «Լիվերպուլի» նկատմամբ և մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել (36 հանդիպում՝ ՄՅՈՒ-ն, 37՝ «Լիվերպուլը»)։
Բունդեսլիգայում ուղեգիրն ապահովել են Դորտմունդի «Բորուսիան», «Բավարիան» և «Լայպցիգը», իսկ վերջին՝ 4-րդ ուղեգիրը վերջին տուրում կվիճարկեն «Ֆրայբուրգը» և «Յունիոնը», որոնք իրենց ակտիվում ունեն հավասար՝ 59-ական միավոր։
Ա Սերիայում այս պահին միայն երկու ակումբ է ապահովել ուղեգիրը ՉԼ։ Դա «Նապոլին» ու «Լացիոն» են։ Մյուս երկու ուղեգրերի համար տեսականորեն կպայքարեն «Ինտերը», «Միլանը», «Ատալանտան», «Ռոման» և «Յուվենտուսը», բայց, ինչպես ՄՅՈՒ-ի դեպքում, ամենայն հավանականությամբ, «Ինտերը» և «Միլանը» կապահովեն ուղեգրերը։
Լա Լիգայում ՉԼ-ի ուղեգրերի համար մրցավազքն ավարտված է։ «Բարսելոնային», «Ռեալին», «Ատլետիկոյին» և «Ռեալ Սոսյեդադին» կտեսնենք ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլում։
Լիգա 1-ում խմբային փուլի ուղեգիրն ապահովել է միայն ՊՍԺ-ն։ Նշենք, որ այս առաջնությունից ՉԼ-ի խմբային փուլի ուղեգիր են նվաճում առաջին երկու տեղերը զբաղեցրած ակումբները, իսկ երրորդ տեղը զբաղեցրած ակումբը պայքարը կսկսի որակավորման փուլից։ Թե ով կլինի երկրորդը, իսկ ով՝ երրորդը, կվիճարկեն «Լանսն» ու «Մարսելը»․ առաջնության ավարտին դեռ երկու տուր կա, և այս առաջնության գլխավոր անակնկալներից մեկը՝ «Լանսը», ունի 5 միավորի առավելություն, և 99 տոկոս հավանականությամբ հենց այս թիմին կտեսնենք ՉԼ-ի խմբային փուլում, իսկ «Մարսելը» կփորձի հաղթահարել որակավորման փուլը։
Նշենք, որ ԱՊԼ-ում ու Բունդեսլիգայում մրցաշրջանի ավարտին մնացել է մեկ տուր, իսկ մյուս երեք լիգաներում՝ երկու տուր։