«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է ժամանակից շուտ խզել պայմանագիրը սաուդյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն գոհ չէ Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներից։ Նշվում է, որ 38-ամյա հարձակվողի մերձավոր շրջապատը սկսում է հայտարարել ներկա իրավիճակի մասին, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա վերադառնալ Եվրոպա։
Եթե Ռոնալդուն առանց հիմնավոր պատճառի որոշի հեռանալ «Ալ Նասրից», ապա, ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն, նա պետք է ակումբին փոխհատուցում վճարի գործող պայմանագրին մնացած երկու տարվա համար (ըստ ԶԼՄ-ների՝ նա տարեկան վաստակում է 200 մլն եվրո)։ Բացի սրանից, կանոնակարգը խաղացողի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում։
Ռոնալդուն «Ալ-Նասր» ակումբում հանդես է գալիս 2023 թվականի հունվարի 1-ից։ Ներքին առաջնության շրջանակներում նա անցկացրել է 14 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։
























































