Հավաքականի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է հայ մարզիկների ելույթները:
«Բաչկովն արեց այն, ինչ սպասում էինք իրենից. գերազանց մենամարտ էր, ոչ մի շանս չտվեց մրցակցին: Բաչկովը մենամարտից մենամարտ ավելացնում է:
Ինչ վերաբերում է Նարեկ Մանասյանին, ապա վերջին 4 տարվա մեջ նա այնքան պատրաստ չի եղել մրցումների, որքան՝ հիմա: Ցավոք, առաջին ռաունդում մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին, բայց հետո Նարեկը հավաքվեց, կամքի ուժ դրսևորեց ու հաղթեց՝ ռևանշի հասնելով իսպանացի բռնցքամարտի նկատմամբ, քանի որ Երևանում կայացած ԵԱ-ում անարդարացիորեն պարտվել էր նրան»,- հավաքականի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍՆ ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Հիշեցնենք՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, հաղթանակներ են տարել քառորդ եզրափակչում և դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:00-ից: Հովհաննիսյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ: