Բռնցքամարտի, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանն աշխարհի առաջնությունում այսօր իր երկրորդ մենամարտն է անցկացրել: 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Մանասյանը մենամարտել է իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ է տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում՝ Մանասյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի:
Հաղթանակից հետո Մանասյանը կիսվել է տպավորություններով:
«Առաջին ռաունդում մեծ առավելություն կար: Լսում էի մարզիչներին, որոնք ճիշտ ուղղումներ էին անում: Երկրորդ ռաունդից փոխեցի մարտավարությունն ու սկսեցի աշխատել ավելի ծանր հարվածների վրա: Երկրորդում էլ ունեցա առավելություն, իսկ երրորդ ռաունդում արդեն նպատակս հիմնականում վնասվածք չստանալն էր: Ինչ վերաբերում է քառորդ եզրափակչի մենամարտին, ապա կասեմ, որ ուսումնասիրել ենք մրցակցին և հնարավորինս լավ պատրաստվել: Պետք է աշխատեմ սխալներս շտկելու ուղղությամբ և շարժվեմ առաջ: Նպատակս ոսկե մեդալ նվաճելն է»,- Մանասյանի խոսքերն է մեջբերում ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Մանասյանն աշխարհի առաջնության մեկնարկում մենամարտել էր Կոնգոյի ներկայացուցիչ Վիլյամ Մբանգիի հետ և ժամանակից շուտ` 2-րդ ռաունդում, առավելության էր հասել մրցակցի նկատմամբ: Մանասյանը 3 անգամ նոկդաունի էր ենթարկել մրցակցին, ինչից հետո մրցավարը դադարեցրել էր մենամարտը։