«Ուոթֆորդի» բրազիլացի հարձակվող Ժուան Պեդրոն հաջորդ մրցաշրջանից կխաղա «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնում»: Ֆուտբոլիստի և նրա ներկայիս ակումբի հետ սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և պայմանագիրը կկնքվի տրանսֆերային պատուհանի բացվելուն պես։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Բրայթոնին» հաջողվել է ձեռք բերել «Ուոթֆորդի» հարձակվող Ժուան Պեդրոյին: 21-ամյա բրազիլացին պաշտոնապես կմիանա ակումբին, երբ բացվի ամառային տրանսֆերային պատուհանը։ Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հունիսը:
Ժուանը երկար ժամանակ եղել է մեր թիրախը, և նա մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ Եվրոպայում: Նա փայլուն երիտասարդ տաղանդ է, տեխնիկապես շատ լավն է, արագաշարժ և նպատակաուղղված է գոլերի։ Նա լավ կլրացնի մեր հարձակման գիծը։
Մենք իսկապես անհամբեր սպասում ենք աշխատելու նրա հետ նախամրցաշրջանային փուլում և՛ այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, և՛ երբ մեկնենք Միացյալ Նահանգներ՝ Պրեմիեր լիգայի ամառային սերիայի համար»,- տեխնիկական տնօրեն Դեյվիդ Ուեյրի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ժուանը «Ֆլյումինենսեի» սան է։
























































