Երևանում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալ է նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ տեղը: Եվս մեկ բրոնզե մեդալ նվաճել կանանց հավաքականի անդամ, 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը:
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար EUBC-ն հուշանվերներ և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին:
Ամփոփելով Երևանում կայացած առաջնությունը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է.
«Շատ լավ կազմակերպված առաջնություն էր. ֆեդերացիան մեծ ջանք էր գործադրել լավ արդյունք ունենալու համար, Կառավարությունն էլ իր հերթին է աջակցել; Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք, որպեսզի Հայաստանը դիրքավորենք՝ որպես մարզական երկիր»,- ասել է Արայիկ Հարությունյանն ու ընդգծել՝ միջազգային ֆեդերացիաների հետ բանակցությունները շարունակվում են՝ Հայաստանում այլ մրցաշարեր ընդունելու վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է՝ երևանյան առաջնությունը կարող է ստանալ գերազանց գնահատական:
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս նախագահ Հովհաննես Հովսեփյանի, ահռելի աշխատանք է կատարել, որպեսզի ամեն ինչ անցնի ամենաբարձր մակարդակում: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա պարզապես խոսքեր չկան: Ճիշտ է՝ մեկ հաղթող ունեցանք, մեկ անգամ հնչեց ՀՀ օրհներգը, բայց փոխարենը 13 անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը, իսկ դա ֆանտաստիկ արդյունք է:
Այս հավաքականը շատ մոտ ապագայում աշխարհին կապացուցի, որ հայերն ունեն լավ, տեխնիկապես հարուստ և ինտելեկտուալ բռնցքամարտ»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մեր թիմի արդյունքներն աննախադեպ է համարում.«Այս պատմական արդյունքը գալիս է վերահաստատելու այն համոզմունքն ու փաստը, որ հայկական սպորտն ամուր հիմքերի վրա է դրված և ապագայում հայ ազգը բազմաթիվ առիթներ է ունենալու՝ հպարտանալու մեր մարզիկներով»:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր Վազգեն Բադալյանի գլխավորությամբ:
Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը: Եզրափակչում Սիմոնյանը մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսարոյի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: