57 կգ քաշային Գոռ Ազիզյանը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտաարդների առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մայիսի 3-ին կպայքարի չեմպիոնի կոչման համար:
Ազիզյանի խոսքով՝ ամեն ինչ անելու է եզրափակչում հաջողության հասնելու համար. «Եզրափակչում պետք է ջանք ու եռանդ չխնայեմ՝ հաջողության հասնելու համար: Նպատակս մեկն է՝ չեմպիոնություն: Չեմ բավարարվելու երկրորդ տեղով»:
Անդրադառնալով կիսաեզրափակիչ մենամարտին, որտեղ Գոռը վստահ առավելության հասավ ռուսաստանցի Մագոմեդ Պաշտաևի նկատմամբ՝ հայ բռնցքամարտիկը մասնավորապես նշել է. «Կիսաեզրափակչում իմ մրցակիցը բավական ուժեղ, լավ պատրաստված բռնցքամարտիկ էր: Մինչ այս ունեցած իմ ամենաբարդ մրցակիցն էր, երևի: Ուրախ եմ, որ կարողացա գտնել հակախաղը՝ իմ մարզիչների օգնությամբ: Նա ձախլիկ մենամարտող էր, ու այդ դեպքում ավելի լավ է, երբ աջով հարվածով ես պատասխանում: Ուրախ եմ, որ ստացվեց հաղթանակի հասնել»:
Երիտասարդ հայ բռնցքամարտիկը նաև նշել է՝ երկրպագուների աջակցությունն իրենց շատ է օգնում:
«Շատ շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Նրանք մեզ շատ ուժ են տալիս: Երբ մտնում ենք ռինգ ու լսում, թե ինչպես են վանկարկում Հայաստան, շատ ենք ոգևորվում: Պատասխանատվությունը ևս շատ է մեծանում»,- եզրափակել է Գոռ Ազիզյանը:
Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Հայաստանը ևս 8 ներկայացուցիչ կունենա երիտասարդների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում: