«Ջանք չենք խնայել, որ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ սա լինի լավագույնը»:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այն փորձը, որն արդեն կուտակել ենք, թույլ է տալիս հավակնել ավելի մեծ միջոցառումներ անցկացնելու.
«Վստահ եմ՝ բոլորս անհամբեր սպասում ենք առաջնության մեկնարկին: Մենք պատրաստ ենք: Առավոտյան ներկա եմ եղել Եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին: Այն փորձը, որ ձեռք ենք բերել, թույլ է տալիս արդեն հյուրընկալել ավելի մեծ միջոցառումներ: Այս ընթացքում խոսել ենք մեր գործընկերների հետ և հայտ ենք ներկայացրել աշխարհի հաջորդ տարվա առաջնությունն ընդունելու համար: Շնորհակալ եմ մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Այն, որ Հայաստանը մեծ շանսեր ունի ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը հյուրընկալելու համար՝ ընդգծում է նաև Միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջալուդ Մուհամեդը.
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին՝ այս մեծ միջոցառումը հյուրընկալելու համար: Առաջին անգամ եմ Հայաստանում: Կարծում եմ՝ ինձ համար դռները բաց կլինեն ձեր երկրում: Կարծում եմ՝ Հայաստանը ծանրամարտում առաջատարներից է: Վերջին երեք Օլիմպիական խաղերում Հայաստանը մշտապես ներկայացուցիչներ է ունեցել և լավ արդյունքներ գրանցել: Ծանրամարտը Հայաստանում առաջատար մարզաձև է: Հայաստանը հայտ է ներկայացրել Աշխարհի հաջորդ առաջնությունը անցկացնելու համար: Այնպես որ իմ այցի նպատակը նաև այդ առումով ուսումնասիրություններ կատարելն է: Կարծում եմ՝ Հայաստանը լավագույնս կհավակնի այդ իրավունքին: Գիտեմ, որ հայերը մեծ սիրտ ունեն և անկախ քաղաքական իրավիճակներից ՝ պատրաստ են եղել լավագույնս ընդունել բոլոր նրանց, ովքեր ցանկացել են մասնակցել այս առաջնությանը: Հուսով եմ՝ Փարիզի խաղերին Հայաստանի դրոշը նորից կտեսնեմ»,- իր խոսքում նշել է Միջազգային ֆեդերացիայի նախագահը:
Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտիի խոսքով՝ Հայաստանը գերազանցել է իրենց սահմանած պահանջների կատարման առումով.
«Դուք գերազանցել եք մեր սպասելիքներն ու պահանջները: Շատ հաջող առաջնություն ենք ակնկալում՝ ամենաբարձր որակի: Սպորտի սիրահարներին հրավիրում ենք աջակցել ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր մարզիկներին: Սա պարզապես Եվրոպայի առաջնություն չէ, նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Այդ իսկ պատճառով մեր պահանջներն ու չափանիշները փոքր-ինչ բարձր նշաձող ունեն ընդունող երկրի համար: Երբ ստանդարտները մի փոքր ավելի բարձր են լինում, մենք բախվում ենք ուշացումների և այլ խնդիրների հետ, բայց Հայաստանի պարագայում մեր դրված չափանիշների 99 տոկոսն արդեն իսկ իրականացված է: Արվել է ավելին, քան մենք պահանջել ենք»,- ընդգծել է Կոնֆլիտին:
Հիշեցնենք, որ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու են եվրոպական 40 երկրի 380 մարզիկներ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: