«Տոտենհեմի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին հայտնել է, որ թիմի ֆուտբոլիստներն աջակցել են գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հեռացնելու ակումբի որոշմանը:
«Ես որոշում չեմ կայացնում։ Ով էլ լինի մարզիչը, մենք՝ խաղացողներս, միշտ խաղալու ենք նրա և ցանկացած այլ մասնագետի համար։ Հիմա ակումբը նման որոշում է կայացրել՝ հավատալով, որ ավելի լավ է լինելու, իսկ մենք՝ խաղացողներս, սատարում ենք այդ որոշմանը։
Միշտ տխուր է, երբ մարդը, ում հետ աշխատել և մտերմացել ես, պետք է հեռանա: Բայց կյանքը շարունակվում է, և դուք պարզապես պետք է առաջ շարժվեք:
Ես շատ բան սովորեցի Կոնտեից և միշտ կհիշեմ նրան, բայց հենց հիմա մեզ գլխավորում է նրա օգնականը, ում ես շատ լավ գիտեմ։ Մենք կտեսնենք, թե ով կգա հաջորդ մրցաշրջանում», — ասել է Կուլուշևսկին Fotballskanalen-ին:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Կոնտեն «Սաութհեմփթոնի» հետ ոչ-ոքիից հետո (3:3) խստորեն քննադատել էր ֆուտբոլիստներին և ողջ ակումբին: Օրեր առաջ մարզիչը հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից։