Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին իր մարզական նվաճումների համար ՀՀ կառավարության կողմից ընդհանուր առմամբ 4 մլն 600 հազար դրամ է ստացել: Այս մասին ArmSport-ը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
2022 թվականի տարեվերջին 18-ամյա բռնցքամարտիկը պարգևատրվել է միանվագ 1,5 մլն դրամով: Եվս 800 հազար դրամ պարգևատրում ստացել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: Մնացած գումարը բռնցքամարտիկը ստացել է ամսական կտրվածքով՝ որպես սպորտային նպաստ:
Հիշեցնենք՝ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ միևնույն ժամանակ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը:
«Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզեցել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղից մենամարտեմ։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»,- գրել էր Իսրայելյանը: