ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հյուսիսային պողոտայում այսօր տվել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:
Առաջնության մեկնարկին մնացել է 29 օր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև առաջնության խորհրդանիշը՝ հայկական մուֆլոնը, որի եղջյուրների վեր խոյացող ուրվագիծն էլ հիմք է հանդիսացել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը:
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել՝ սա կդառնա երևանցիների սիրելի վայրն առաջիկա 1,5 ամսվա ընթացքում. «Այսօր մեր ծրագրի կարևոր օրերից է. սեղմում ենք այն կոճակը, որը տալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկի մեկնարկը: Վստահ եմ՝ առաջիկա 1.5 ամսվա ընթացքում սա կդառնա երևանցիների և մեր երեխաների սիրելի վայրերից մեկը, քանի որ մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը դարձել է առաջնության խորհրդանիշներից մեկն ու այստեղ ներկայացվում է որպես ծանրորդ»:
Նա նաև տեղեկացրել է, որ Կարապի լճին հարող տարածքում, ամենայն հավանականությամբ, գործելու է ֆան գոտի և իր շուրջն է հավաքելու մարզաձևի երկրպագուներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կազմակերպիչներին խնդրել է առաջնության հետհաշվարկի ավարտից հետո Հյուսիսային պողոտայում տեղադրված ցուցատախտակին պատկերել հայ մարզիկների՝ Եվրոպայի առաջնության ընթացքում նվաճած մեդալներն այդ պահի դրությամբ:
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի, երկրպագուներն էլ մշտապես տեղեկացված կլինեն, թե մենք քանի մեդալ ենք նվաճել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն այս պահին ունի տղամարդկանց և կանանց ուժեղ հավաքականներ՝ վստահ եմ, որ մեդալների պակաս չենք ունենա, իսկ այս ցուցատախտակին պատկերվելիք թվերը բոլորիս բաղձալի պահեր կպարգևեն»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: