Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը անդրադարձել են նաև Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:
Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել 6 մարզիկով: Բոլոր հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր երեկոյան է:
«Ցանկացած նման մեծ միջոցառումներ անցկացնելու հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր երկիր երաշխավորում է տվյալ մայրցամաքի ֆեդերացիաների անվտանգ և անխոչընդոտ մասնակցությունը տվյալ մրցաշարին: Պատրաստ ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և ապահովել բոլոր մասնակիցների մասնակցությունը: Մենք պարտավորվում ենք հյուրընկալել բոլոր այն երկրիների ներկայացուցիչներին, որոնք ունեն իրավունք մասնակցության հայտ ներկայացնելու»,- ասել է Արայիկ Հարությունյանը: