Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 7։0 հաշվով հաղթել է «Լայպցիգին»։ Լեգենդար իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կարիերայում սա նման հաշվով երրորդ հաղթանակն է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:
Առաջին նման հանդիպումը կայացել է իսպանացու՝ «Բավարիայում» աշխատանքի ժամանակ։ Ջախջախիչ հաղթանակը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2014/2015 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի «Շախտյորի» դեմ պատասխան խաղում։ Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Գոլերի հեղինակներ՝ Թոմաս Մյուլեր (երկու անգամ), Ժերոմ Բոատենգ, Ֆրանկ Ռիբերի, Հոլգեր Բադշտուբեր, Ռոբերտ Լևանդովսկի և Մարիո Գյոտցե։
Երկրորդ նման հանդիպումը կայացել է Պեպի կարիերայի անգլիական շրջանում: Չեմպիոնների լիգայի 2018/2019 մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Շալկեին», թեև «քաղաքայինները» առաջին խաղում ևս հաղթել էին, բայց 3։2 հաշվով։ Գոլերի հեղինակներ՝ Սերխիո Ագուերո (երկու անգամ), Լերոյ Սանե, Ռահիմ Սթերլինգ, Բերնարդո Սիլվա, Ֆիլիպ Ֆոդեն և Գաբրիել Ժեզուս։