Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը քառորդ եզրափակչում վստահ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հաղթանակից հետո Կարապետը, ի նշան հարգանքի, փորձել է սեղմել մրցակցի ձեռքը, բայց վերջինս ագրեսիվ ու ոչ մարզական վարք է դրսևորել և հարվածել հայ ըմբիշին, ինչին ի պատասխան՝ միջազգային ֆեդերացիան անմիջապես որակազրկել է նրան:
Կիսաեզրափակչում արդեն Մանուկյանը 1-1 հաշվով հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է նաև 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը: Նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Այսօր ելույթ են ունենալու մյուս 5 հայ ըմբիշները: Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում մրցելու է իսպանացի Ասեր Ռոդրիգեսի հետ: Աշոտ Խաչատրյանը (67 կգ) նույն փուլում մրցելու է Ֆրանսիայի, իսկ Հայկ Խլոյանը (97 կգ)՝ Հունգարիայի ներկայացուցչի հետ:
Հայկ Ասատրյանը (72 կգ) 1/8 եզրափակչում ուժերն է չափելու Կլոդջան Շեհուի (Ալբանիա) հետ, իսկ Կարեն Խաչատրյանը (82 կգ)՝ Պետեր Դոեմոեկի (Հունգարիա):