«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին ատրճանակով սպառնացել են 2017թ.-ին։ Այս մասին հայտնում է France Football-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կանտեին բռնի ուժով դուրս են բերել ռեստորանից և նստեցրել մեքենա, որտեղ ատրճանակը դրել են նրա ծնկին և սպառնալիքներով ստիպել փոխել գործակալին, որը ներկայացնում էր ֆուտբոլիստի շահերը։ Ինքը՝ Կանտեն, մի քանի անգամ փոխել է իր ներկայացուցչին՝ 2016 թվականին «Լեսթերից» «Չելսի» տեղափոխությունը կազմակերպելիս։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստին սպառնացողը կարող էր լինել ֆրանսիացու նախկին գործակալներից մեկի ազգականը, որն օգուտներ էր փնտրում խաղացողի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխությունից։
Խաղացողի շրջապատը նշում է, որ նրա շուրջ միշտ կան մեծ թվով մարդիկ, որոնք օգտագործում են Կանտեի բարությունն ու դյուրահավատությունը՝ այն ծառայեցնելով իրենց եսասիրական նպատակներին։