Հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն (77 կգ) էլ եզրափակչում 1-1 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի գործող չեմպիոնից և բավարարվել արծաթե մեդալով։
Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի վաղ ևս 3 մեդալ էր նվաճել Սոֆիայի միջազգային մրցաշարում։55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը նվաճել էին արծաթե, իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը՝ բրոնզե մեդալներ։ Մկրտչյանը եզրափակչում զիջել էր Թուրքիայի ներկայացուցչին, իսկ Պողոսյանը պարտվել էր բուլղարացի ըմբիշին։
82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է երկու ըմբիշ՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը: Նրանք մրցել են 1/8 եզրափակիչում, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Գրիգորյանը, որը հաջորդ գոտեմարտում 2-7 հաշվով պարտվել է բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովին: