«Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ անգլիական թիմից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգն իր «Թվիթեր»-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին վերջնական որոշում է կայացրել, ինչի մասին արդեն հայտնել է անձամբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։ Մերսիսայդցիների գլխավոր մարզչի և Ֆիրմինոյի զրույցն անցել է դրական նոտայով։ Ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և ամռանն ազատ տրանսֆերով կհեռանա «Լիվերպուլից»։
31-ամյա Ֆիրմինոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։ Բրազիլացի հարձակվողը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 352 խաղ՝ դառնալով 107 գոլի և 78 գոլային փոխանցման հեղինակ։ «Լիվերպուլի» հետ Ֆիրմինոն դարձել է Անգլիայի չեմպիոն (2020) և Չեմպիոնների լիգայի (2019) հաղթող՝ թիմի հետ ընդհանուր առմամբ նվաճելով յոթ գավաթ։